National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.09.2008
Քննարկվեցին համագործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանիին, որ Հայաստանի Հանրապետությունում է ներկայացնելու համար Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:

Կարեւորելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրախորհրդի հարաբերությունները` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց հնարավոր կդառնա վերադառնալ հիմնական խնդրին` անդամակցության ժամանակ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, քանի որ եվրաինտեգրումը Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունի եւ որոշ անցանկալի իրադարձություններ չպետք է ստվերեն հիմնական խնդիրը: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` իր աշխատանքը Հայաստանում հաջողությամբ կատարելու  համար:  
Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանին, ներկայացնելով տիկին Զեհեին, վստահություն հայտնեց, որ Եվրախորհրդի եւ Հայաստանի մասին նրա գիտելիքները հաջողությամբ կպսակեն աշխատանքը մեր երկրում: Նրա գնահատմամբ` ԵԽԽՎ-ի համար ազգային խորհրդարաններն առանցքային գործընկերներ են եւ խորհրդարանների հետ համագործակցությունը շատ կարեւոր է:

Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանիի  խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Ազգային ժողովի 3 ընթերցումներով ընդունած օրինագծին, որ տիկին Լուչիաննի գնահատականով շատ հապճեպ ընդունվեց, առանց եվրոպական փորձաքննության, եւ քայլ էր ոչ թե ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ, այլ` հետընթաց, որ նշանակում է` կառավարությունն ու Ազգային ժողովը լրջորեն չեն ընդունել ԵԽԽՎ բանաձեւի առաջարկությունները: Աժ նախագահը նշեց, որ օրինագիծը կառավարությունը հրատապ էր ճանաչել եւ կառավարության ներկայացուցչի հիմնավորումն էր` անալոգայինից թվային հեռարձակման անցումը, որը պետք է ավարտվի մինչեւ 2010 թ. եւ այդ ընթացքի համար լիցենզիաների ժամկետն ավարտած հեռուստաընկերությունների նոր մրցույթներ չանցկացնելը: ԱԺմեծամասնությունը եւ կառավարությունը հարմար գտան օրինագիծը արտահերթ նիստով երեք ընթերցումներով ընդունել, քանի որ հոկտեմբերից արդեն լիցենզիաների ժամանակն ավարտվող հեռուստաընկերությունների համար մրցույթներ անցկացնելու անհրաժեշտություն է ծագելու: Անդրադառնալով փորձաքննության ուղարկելուն` Աժ նախագահը նշեց, որ սովորաբար օրինագծերը կամ նախապես են ուղարկվում, կամ առաջին ընթերցումից հետո, բայց հազվադեպ օրենքներ ուղարկվել են նաեւ ընդունումից հետո եւ լրամշակվել են փորձագետների առարկություններից հետո, ինչպես դա եղավ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի դեպքում: 

Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանին մտահոգված էր նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքով: Կիսելով նրա մտահոգությունը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը առաջիկա չորս ամիսները Հայաստանի համար կարեւոր ժամանակ որակեց`  կուտակված խնդիրները  լուծելով` իրավիճակը շտկելու առումով: Այս տեսակետից Աժ նախագահը կարեւորեց ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունը` նշելով, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարումը առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ եւ հայ-թուրքական հարաբերություններին: Բարձր գնահատելով ՀՀ նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի այցը մեր երկիր, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը առավել կարեւոր համարեց հետագա գործնական քայլերի ձեռնարկումը: Տիկին Լուչիանիի գնահատականով` որոշակի շրջանակների թուրք գործարարներ հատկապես ուշադիր են այս փոփոխությունների նկատմամբ` ակնկալելով հայ-թուրքական սահմանի բացում եւ համագործակցություն հայկական կողմի հետ: ԱԺ նախագահը գտնում է, որ սահմանի բացումը տեւական ժամանակ կպահանջի, քանի որ թուրքական կողմը իրապես պատրաստ չէ այս քայլին: Եվ դա ոչ միայն թուրքական կողմի, այլեւ միջազգային կառույցների խնդիրն է. մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ որեւէ բանաձեւում չի եղել մի կետ, որը կոչ աներ բացել սահմանը ԵԽ անդամ երկու երկրների միջեւ: Եվ եթե եվրոպական կառույցները սկզբունքային ու հետեւողական լինեն իրենց բանաձեւերի կատարման առումով` բոլորովին այլ իրավիճակ կլինի տարածաշրջանում` մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններում: 2001-ին ԵԽԽՎ-ին անդամակցելիս Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են պարտավորություններ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը: Ադրբեջանում շարունակական են հարեւանի նկատմամբ ատելության ու պատերազմի քարոզչությունն ու ռազմական ծախսերի կտրուկ ավելացումը, որ հակասում է ստանձնած պարտավորություններին, բայց ԵԽԽՎ-ն բացի խաղաղության հաստատման ու պատերազմական քարոզչության ընդհանուր կոչերից ավելին չի անում` չմասնավորելով, թե որ երկիրն ինչպես է այդ կոչերին արձագանքում: Լինելով եվրոպական ամենակարեւոր կառույցը, որին անդամկցում են Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ ԱԺ նախագահի, ԵԽԽՎ-ն պիտի ավելի սկզբունքային ու հետեւողական դիրքորոշում որդեգրի, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ հակամարտությունների կարգավորմանը: 
  
Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաեւ այլ հարցեր:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am